Այսօր ՀՀ Լոռու մարզի Թեղուտ գյուղի բնակիչները «Թեղուտ» ՓԲԸ-ի անցակետի մոտ բողոքի ակցիա իրականացրին՝ փակելով ճանապարհը։ Պահանջում են՝
Դադարեցնել արտանետումները դեպի Թեղուտի գյուղատնտեսական հողեր և շրջակա միջավայր։
Թեղուտի բնակչության համար ապահովել այլընտրանքային զարգացման նոր ուղղություններ և աշխատատեղեր։
Քանի դեռ Թեղուտի բնակչությունը զրկված է գյուղատնտեսական հողերից, և առայժմ ստեղծված չեն այլընտրանքային զարգացման հնարավորություններ, Թեղուտի գործազուրկ բնակչությանը ապահովել աշխատատեղերով։
Բողոքի ակցիայի մասնակիցներին մոտեցավ «Թեղուտ» ընկերության բնապահպանության բաժնի պետ Արմեն Ղարագյոզյանը՝ առաջարկելով բողոքները ներկայացնել գրավոր ձևով։ Սակայն բնակիչներն ասում են՝ բազմիցս են գրավոր բողոքներ ներկայացրել, սակայն որևէ լուծում չի տրվել իրենց պահանջներին։
Արմեն Ղարագյոզյանը նշեց, որ պատրաստ է լուծել բնապահպանական խնդիրները։ Ասում է՝ ջրային ռեսուրսների ու օդային տարածքի աղտոտվածություն չկա, ամեն ինչ նորմայի սահմաններում է, բնակիչները հակադարձում են՝ աղտոտված է օդը, ջուրը, բնակիչների առողջության վրա ազդում է նաև արտանետված փոշին։ Մատնանշում են վերջերս իրականացված հետազոտության տվյալները, ըստ որի ծանր մետաղների բարձր պարունակություններ են հայտնաբերվել հողում և մարդու օրգանիզմում։ Ակցիայի մասնակիցներից Արմեն Մկրտումյանն ասում է՝ երեխաների օրգանիզմում մկնդեղի քանակությունը տասնյակ անգամ գերազանցում է սահմանված չափը։ Լավրենտի Ալիխանյանն էլ հավելում է՝ իր այգում թափոնակույտերի նստվածք է, իսկ պատուհանագոգին բամբակ են դնում, որ փոշին տուն չլցվի։
Մհեր Մելքոնյանը 2019թ․-ին մալինայի այգի է ունեցել, ասում է՝ հիմա այգու 20 տոկոսն է մնացել ընդամենը։
Ասում են՝ այս ամենով հանդերձ, Թեղուտի բնակիչներին ընկերությունը աշխատանքի չի ընդունում, դրա համար պահանջում են՝ գործազուրկներին ապահովել այլընտրանքային աշխատատեղերով։
Հավաքվածները նշում են՝ համայնքի համար «Թեղուտ» ՓԲԸ-ն ոչինչ չի արել, փոխհատուցում են պահանջում իրենց կրած վնասների դիմաց։
«Թեղուտ» ՓԲ ընկերության անցակետի ճանապարհը փակելով՝ բնակիչները պահանջում էին, որ իրենց հետ հանդիպի անձամբ «Թեղուտ» ՓԲԸ-ի տնօրենը։ Բայց ինչպես հայտնի դարձավ, տնօրենը Հայաստանում չի գտնվում։
Որոշ ժամանակ անց ժամանեցին ոստիկանության աշխատակիցները։ Երկարատև բանակցություններից հետո բնակիչներին առաջարկեցին հանդիպել Լոռու մարզպետի հետ։ Բողոքի ակցիայի մասնակիցները որոշեցին վաղը հանդիպել մարզպետի հետ, և եթե լուծում չառաջարկվի, կվերադառնան ու կշարունակեն իրենց բողոքի ակցիան։
cvmedia.am քաղաքացիական լրագրող Սոնա Խլոպուզյան

